
2011թ. բավականին արդյունավետ ու կարևոր էր Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի համար միջազգային համագործակցության տեսակետից: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Ըստ նրա, 2011թ. ստորագրվել են համագործակցության մասին փաստաթղթեր Ռուսաստանի ու Լեհաստանի Անվտանգության խորհրդների հետ: «Առաջիկայում համագործակցության մասին համաձայնագիր կստորագրվի Բելառուսի ԱԽ հետ»,-ասել է նա՝ հավելելով, որ ՀՀ ԱԱԽ-ն նաև սերտ համագործակցություն է հաստատել Ֆրանսիայի ԱԽ և պաշտպանության խորհրդի հետ:
Արթուր Բաղդասարյանը նշել է, որ նվաճում է համարում ռազմարդյունաբերության հայեցակարգի հաստատումը, այդ կապակցությամբ Ռուսաստանում ստորագրվեց համապատասխան համաձայնագիր, որի համաձայն արդեն մեկնարկել է յոթ համատեղ ձեռնարկությունների ստեղծումը ՀՀ տարածքում: Նա նաև նշել է, որ ռազմարդյունաբերության զարգացման տեսակետից գալիք տարին վճռորոշ կլինի Հայաստանի համար:
Արթուր Բաղդասարյանը կարևորել է 2011թ., քանի որ ընթացիկ տարում հաստատվել է սպառազինության ու ռազմական տեխնիկայով ապահովման պետական ծրագիրը, որի արդյունքում կներկրվի նոր ռազմական տեխնիկա: