14 հունվարի 2012 - 10:26 AMT
Մարկոս Պիզելին եռամյա պայմանագիր է կնքել ռուսական «Կուբանի» հետ

Հայաստանի հավաքականի հարձակվող Մարկոս Պիզելին, որը 2011թ. հանդես էր գալիս Դոնեցկի «Մետալուրգի» կազմում, տեղափոխվել է ռուսական «Կուբան»: Պիզելին Կրասնոդարում ենթարկվել է մանրակրկիտ բժշկական զննության, որից հետո ստորագրվել է եռամյա պայմանագիր:

«Պիզելին որակավորում ունեցող մարզիկ է, որը միջազգային ելույթների բավականին մեծ փորձ ունի և կհզորացնի մեր հարձակողական ներուժը: Նա կարող է հանդես գալ և որպես հարձակվող, և որպես հարձակվող կիսապաշտպան»,- ֆուտբոլիստի տեղափոխումը մեկնաբանել է «Կուբանի» տնօրեն Սերգեյ Դորոնչենկոն:

Թիմի գլխավոր մարզիչ Դան Պետրեսկուն հետևում էր Պիզելիի խաղին դեռ Ռուսաստանի ու Հայաստանի հավաքականների հանդիպմանը Եվրո-2012 ընտրական փուլի շրջանակներում: «Մենք հետևում էինք հարձակվողին բավականին տևական ժամանակ, համոզվելու համար, որ նա համապատասխանում է այն մոդելին, որը կիրառում է «Կուբանը»,-Դորոնչենկոյի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը:

Ռուսաստանի պրեմիեր լիգայում «Կուբանը» 50 միավորով 8-րդ տեղում է: