16 հունվարի 2012 - 12:40 AMT
Թուրք նախարարը գտնում է, որ Իրանը չի փակի Օրմուզի նեղուցը

Իրանի վերջին հայտարարությունները Օրմուզի նեղուցը փակելու վերաբերյալ և ԱՄՆ-ի հետ հարաբերություններում ճգնաժամի մասին այնքան էլ կտրուկ չէին, որից հետևում է, որ նեղուցը չի փակվի, նախօրեին Cumhurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յիլդիզը: «ԱՄՆ-ն ու Իրանը մեղմել են իրենց դիրքորոշումներն այս հարցում՝ հասկանալով, որ պատերազմով նպատակին հասնելն անհնար է»,-ասել է Թաներ Յիլդիզը: Ըստ նրա, Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները դեռ տևական վեճերի առարկա են: Նախարարը նշել է նաև, որ Իրանը Թուրքիայի հարևանն ու գործընկներն է, ուստի Անկարան պետք է գործի երկկողմ հարաբերությունների շրջանակներում: «Թուրքիան ու Իրանը կարող են շատ հետաքրքիր նախագծեր իրականացնել»,-ասել է Յիլդիզը:

Իրանի հարցում գործում են ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի ու Կանադայի միակողմանի պատժամիջոցներն, ուղղված Իրանի էկոնոմիկայի էներգետիկ ու ֆինանսական հատվածի դեմ: Նախօրեին Ճապոնիայի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել կրճատելու իրանական նավթի ներմուծումը:

Նոր պատժամիոջցների պատճառ է դարձել ՄԱԳԱՏԷ-ի զեկույցը, որտեղ ասվում էր, որ Իրանը մինչ 2003թ. աշխատել է միջուկային զենքի ստեղծման վրա և որ նման գործունեությունը կարող է շարունակվել մինչ օրս: Իրանի կառավարությունը հայտարարում է, որ միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ է կրում: