18 հունվարի 2012 - 16:50 AMT
Երաժշտական քննադատ. Բաքվում պետք է ամեն ինչ անեն ` խուսափելու համար «Եվրատեսիլ-2012»-ում հակահայկական ելույթներից

Հայտնի երաժշտական քննադատ Արտեմի Տրոցկին համոզված է, որ «Եվրատեսիլ-2012» մրցույթի կազմակերպիչները պետք է անեն ամեն բան, որպեսզի խուսափեն հակահայկական ելույթներից: Մրցույթն այս տարի անցկացվելու է Բաքվում: Ինչպես GeorgiaTimes տված հարցազրույցում ասել է Տրոիցկին, կազմակերպիչների փոխարեն ինքը, հանուն Ադրբեջանի հեղինակության, «Հայաստանի համար կապահովեր առավելագույն հարմարավետություն, որպեսզի ոչինչ չպատահի»: «Եթե, Աստված չանի, հայերը Բաքվում հանդիպեն որևէ նվաստացման, կամ կազմակերպչական տհաճ իրավիճակի, ապա Ադրբեջանն իրեն կխայտառակի ողջ Եվրոպայով մեկ»,-հայտարարել է Արտեմի Տրոիցկին:

Ընդ որում, Տրոիցկին նկատել է, որ դահլիճում բազմահազարանոց ամբոխին զսպելն ու նրանց սուլոցներն ու գոռգոռոցները կառավարելը, գրեթե անհնար է. «Մտավախություն ունեմ, որ այդ մակարդակում որևէ անախորժ բան կպատահի: Սակայն ես, դարձյալ կազմակերպիչների փոխարեն, կդիմեի հանդիսատեսին, ասելով, որ եթե նրանք ուզում են, որ իրենց երկիրը խայտառակվի Եվրոպայի աչքում, ապա կարող են սուլել և հակահայկական լոզունգներ բղավել»:

«Եվրատեսիլ-2012» մրցույթը կկայանա մայիսի 22-26: Մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել 43 երկրներ, այդ թվում նաև Հայաստանը: Ավելի վաղ ենթադրություններ կային, որ հայկական կողմը կարող է հրաժարվել իր պատվիրակությանը մրցույթին ուղարկելուց` կապված Բաքվի և Երևանի միջև լարվածության հետ: