Հոլիվուդում կտրված ձեռք հայտնաբերելուց մի քանի ժամ անց , որը ենթադրաբար պատկանում է հայի, Լոս Անջելեսի ոստիկանությունը Hollywood-ի մոտ գտել է նաև երկրորդ ձեռքը, որը թաղված է եղել մոտակայքում: Ինչպես գրում է Los Angeles Times-ը, ոստիկանության դետեկտիվները զննում են Հոլիվուդյան բլուրները Canyon Drive թաղամասում` ակնկալելով գտնել զոհի մարմնի մյուս մասերը ևս, ինչպես նաև փորձում են պարզել պատահարի հանգամանքները:
Ինչպես գրում է պարբերականը, հետաքննությանը մասնակցում են մոտ 30 հետախույզներ: Նրանք նաև հարցաքննում են Canyon Drive թաղամասի բնակիչներին` որևէ լրացուցիչ տեղեկություն ստանալու ակնկալիքով: «Հուսով ենք, որ կկարողանանք գտնել զոհվածի մարմնի մյուս մասերը ևս»,-ասել է Լոս Անջելեսի ոստիկանության ներկայացուցիչ Էնդրյու Սմիթը:
Լոս Անջելեսի ոստիկանությունը սկսել է Հոլիվուդի այգում հայտնաբերված տղամարդու գլխի վերաբերյալ գործը: Նախնական տվյալներով, տղամարդը, ով ենթադրաբար ազգությամբ հայ է, մոտ 40 տարեկան էր: Ոստիկանությունը մտադիր է պարզել զոհվածի ինքնությունը ատամների և մատնահետքերի փորձաքննության միջոցով, գրում է Los Angeles Times-ը:
Պոլիէթիլենային տոպրակով թաղված գլուխը գտնվել է երկու կանանց կողմից, որոնք զբոսանքի էին տարել իրենց շներին: Ոստիկանության տվյալներով, գլխի վիճակից դատելով, մարդը վերջերս է մահացել: