Բրիտանական մայրաքաղաքում երեկ բացվել է Չերչիլի նկարների ցուցահանդեսը, հայտնում է ИТАР-ТАСС-ը: Միացյալ թագավորության ամենահայտնի պետական գործիչներից մեկի ստեղծագործությունները ներկայացվել են Լեյտոնի տուն-թանգարանում` մարոկկացի ճանաչված գեղանկարիչ Հասան ալ-Գլաուի նկարների հետ միասին:
Մարոկկոյի Մուհամմեդ VI թագավորի հովանավորությամբ կազմակերպված «Հանդիպումներ Մարաքեշում» անվամբ ցուցահանդեսը ներառում է Չերչիլի 9 և ալ-Գլաուի 15 նկարներ: Սակայն միայն թեմատիկան չէ, որ կապող օղակ է երկու նկարիչների միջև: Մեծ Բրիտանիայի վարչապետը «աշխարհի լավագույն վայրերից մեկը» կատարած այցելության ժամանակ տեսել է հայտնի ընտանիքից մի երիտասարդի աշխատանքները, որոնք նրա վրա մեծ տպավորություն են գործել:
Չերչիլը ծանոթ է եղել նրա հոր հետ` ազդեցիկ Թամի ալ-Գլաուի փաշայի հետ, և համոզել նրան որդուն հնարավորություն տալ բացահայտելու իր տաղանդը` անտեսելով գեղանկարչության մասին` որպես բարձրատոհմիկ մարդու համար անվայել գործի, այն ժամանակ տիրող պատկերացումները: Չերչիլը ճիշտ է եղել Հասան ալ-Գլաուի տաղանդի հարցում. այսօր նա աշխարհի ամենահայտնի հյուսիսաֆրիկյան վարպետներից է:
Չերչիլն իր մոտ նկարչական հակումները բացահայտել է Առաջին համաշխարհայինից հետո: Նրան գեղանկարչությամբ «վարակել» է իր ընկեր Փոլ Մեյզը: Նկարչությամբ զբաղվելն օգնել է նրան ազատվել դեպրեսիայից, կամ «սև շնից» ինչպես ինքն էր այն կոչում:
Նկարների ցուցահանդեսը կգործի մինչև մարտի 31: