Հունգարական վարչապետ Վիկտոր Օրբանի և նրա գլխավորած Ֆիդես կուսակցության մոտ հարյուր հազար կողմնակիցներ շաբաթ օրը Բուդապեշտում ցույց են անցկացրել, որպեսզի աջակցություն ցուցաբերեն կառավարությանը ԵՄ հետ նրա հակամարտության մեջ:
«Մեր նպատակն է ցույց տալ, որ կառավարությունը միայնակ չէ, և ցուցադրել Եվրամիությանը մեր դժգոհությունը մեր հանդեպ նրանց վերաբերմունքի հարցում»,- ասել է ակցիայի մասնակից, հայտնի թերթի լուսաբանող Զոլտ Բայերը, հաղորդում է BBC-ն:
Նախօրեին կազմակերպիչները հայտնել էին, որ սկզբունքորեն կարևոր են համարում ավելի շատ մարդ ներգրավել իրենց միջոցառմանը, քան ընդդիմությունը, որը հունվարի սկզբին հանրահավաքին մոտ 70 հազար մարդ հավաքեց:
Երկու ցույցերն էլ տպավորիչ էին, հատկապես հաշվի առնելով, որ Բուդապեշտի բնակչությունը մոտ 2 միլիոն է կազմում, իսկ ողջ Հունգարիայում՝ մոտ 10 միլիոն մարդ:
Օրբանի կողմնակիցները սկզբում ցույցի էին հավաքվել Հերոսների կենտրոնական հրապարակում, որը Հունգարիայում սրբազան վայր է համարվում, այնուհետև երթով շարժվել էին դեպի քաղաքի գլխավոր պուրակներից մեկը՝ խորհրդարանի շենքի մոտ: Նրանք օտար լեզուներով ցուցապաստառներ էին կրում՝ Հունգարիայի ինքնուրույնությունը հարգելու կոչերով: