24 հունվարի 2012 - 13:20 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Կիրո Մանոյան. Սարկոզին կստորագրի Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը

Ակնհայտ է, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին կստորագրի ցեղասպանությունների այդ թվում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Մեկնաբանելով Ֆրանսիայի Սենատում օրինագծի ընդունումը՝ Մանոյանն ասել է, որ շատ կարևոր է նման օրինագծի ընդունումը Թուրքիայի սահմաններից դուրս, ինչը վկայում է այնպիսի դիրքորոշման առկայության մասին, որը հետագայում կարող է շղթայական ռեակցիա առաջացնել:

«Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, ապա, հավանաբար, օրինագծի ընդունումը չի անդրադառնա դրանց զարգացման վրա, քանի որ դրանք առանց այդ էլ սառեցված են»,-ասել է նա՝ հավելելով, որ Թուրքիային ձեռնատու է ստատուս-քվոյի պահպանումը:

Մեկնաբանելով Ֆրանսիայի հասցեին ուղղված թուրքական սպառնալիքները՝ Մանոյանն ասել է, որ «առաջիկայում հարաբերությունների որոշ սառեցում կլինի, սակայն, դա առաջին հերթին կվնասի Անկարային»:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»:

Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք:

2011թ դեկտեմբերին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի ԱԺ կողմից:

ՖՈՏՈՇԱՐՔ