Շատ կցանկանայի, որ Ուկրաինան վերջապես հանգեր այն որոշման, ինչ Ֆրանսիան, հայտարարել է Արվեստի և ճարտարապետության ազգային ինստիտուտի պրոֆեսոր, Ուկրաինայի նախագահի հումանիտար խորհրդի քարտուղար Լարիսա Սկորիկը` մեկնաբանելով Ֆրանսիայի Սենատում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնոց օրինագիծը, հայտնում է Analitika.at.ua-ն:
«Ֆրանսիայի խորհրդարանի որոշումը վկայում է այն մասին, որ ֆրանսիական պետությունը ավելի մեծ պատասխանատվությամբ է վերաբերում մարդկային արժեքներին և գնում է արդարության վերականգնման` չնայած ամեն ինչի: Հայերի սարսափելի ոչնչացումը իսկապես պետք է կոչվի, համարվի և դասկարգվի որպես ցեղասպանություն: Արդարացի եմ համարում այդ հանցագործության դեմ պատժամիջոցների ընդունումը»,-ընդգծել է Լարիսա Սկորիկը:
Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Կողմ քվերակել են 127, դեմ` 86 սենատորներ, ընդհանուր առմամբ քվերակությանը մասնակցել է 213 սենատոր: Օրինագիծը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրոյի չափով տուգանք:
Թուրքիայի իշխանությունները սպառնում են Ֆրանսիայի հետ հարաբերությունների լիակատար խզումով և պատժամիջոցներով: Ավելին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ օրինագծի ընդունման դեպքում այլևս երբեք չի մեկնի Ֆրանսիա: