25 հունվարի 2012 - 15:19 AMT
«Եթե բոլորը…» ֆիլմ է պատերազմի, խաղաղության ու սիրո մասին

«Եթե բոլորն ուզեն, որ խաղաղություն լինի, խաղաղություն կլինի»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսելով իր նոր «Եթե բոլորը…» ֆիլմի մասին ասաց սցենարիստ, դերասան Միքայել Պողոսյանը, նշելով, որ ֆիլմը պատերազմական թեմայի շուրջ է, բայց խաղաղության մասին է:

ֆիլմը մի աղջկա մասին է (Եկատերինա Շիկովա), ով Սարատովից գալիս է Հայաստան, Արցախյան պատերազմում զոհված իր հոր շիրիմին ծառ տնկելու համար: Նրա հայրը ռուս զինվոր էր, որն ամուսնացած է եղել հայուհու հետ: Վերջինս զոհվել էր սումգայիթյան ջարդերի ժամանակ: «Առաջին հերթին ֆիլմը սիրո մասին է: Կնոջ մահից 2 տարի անց ռուս զինվորը վերադարձել է Արցախ, կնոջ հայրենիքը պաշտպանելու համար: Սա հորինված, բայց իրականությանը շատ մոտ պատմությում է», նշեց Միքայել Պողոսյանը: Ֆիլմի գլխավոր դերակատարներից մեկը` Վահագն Սիմոնյանը, խոսելով ֆիլմի իր ընկալման մասին, ասաց. «Եթե բոլորը կարողանային խավարը հայհոյելու փոխարեն ընդամենը մեկ մոմ վառել…»:

ֆիլմի ռեժիսորը` Նատալյա Բելյաուսկենեն նշեց, որ Հայաստանը այս կարճ ժամանակահատվածում դարձել է իր մի մասնիկը: «Ձուլվել եմ այս երկրի հետ, շատ եմ խորասուզվել այս թեմայի մեջ: Լիահույս եմ, որ մեր ֆիլմը դիտողը կսկի մի փոքր այլ կերպ, ավելի ջերմ վերաբերվել պատերազմի մասնակիցներին»:

ֆիլմը նկարահանվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի աջակցությամբ: Ֆիլմի շնորհանդեսը տեղի կունենա վաղը, իսկ հանդիսատեսի լայն շրջանակների համար ցուցադրությունները կսկսվեն հունվարի 27-ից: