Ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հեղինակներից և նախաձեռնողներից մեկը` Ֆրանսիայի իշխող կուսակցությունից պատգամավոր Վալերի Բուայեն տեղի հայ համայնքի հետ միասին տոնել է օրինագծի ընդունումը: Այդ մասին Բուայեն գրում է Facebook-ում իր էջում:
«Շատ քաղաքական գործիչներ, գործարարներ, հասարակական գործիչներ և արվեստագետներ հավաքվել էին, որպեսզի նշեին օրինագծի ընդունումը»,- հայտնել է թուրքական Hurriyet-ին Բուայեի օգնականը:
Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: 2011թ. դեկտեմբերի 22-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովում:
Թուրքիան չափազանց ցավոտ ընդունեց այդ օրինագծին Սենատի հավանություն տալը` հայտարարելով Ֆրանսիայի հետ քաղաքական, ռազմական և տնտեսական համագործակցության սառեցման մասին: