Երեկ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Մեդիակենտրոնում կայացավ Հանրակրթական Դիջիթեք 2012-ի կազմկոմիտեի կողմից կազմակերպած «Ինովացիոն կրթություն. նոր տեխնոլոգիաներ ու մեդիա» թեմայով կլոր սեղանը։
Կլոր սեղանի ժամանակ ներկայացվել են Հանրակրթական Դիջիթեք ամենամյա 4-րդ ստուգատեսի նպատակը, ծրագրային, կազմակերպական, բովանդակային հարցերը։
Կլոր սեղանի ընթացքում խոսվել է տարածաշրջանային համագործակցության մասին, որի շրջանակում հայկական կողմն արդեն որոշակի պայմանավորվածություններ է ձեռք բերել Վրաստանի հետ:
Փետրվարի 1-10-ը Դիջիթեքի կազմակերպչի և այլ ՏՏ ձեռնարկությունների կողմից կրթահամալիրում կներկայացվեն հանրակրթությունում թվային միջոցների կիրառման նոր լուծումները և նոր նախագծերը։
Կլոր սեղանի մասնակիցները խոսել են նաև կրթահամալիրում իրականացվող մեդիահանրակրթության մասին, որի կազմակերպման և արդյունքների ամփոփման ձևերն են Հանրակրթական Դիջիթեքը, շուրջամյա (տարին 4 անգամ) մեդիաօլիմպիադան, ամենամյա ստեղծագործական հավաքները: Դիջիթեքը կարող է նաև նոր հեռանկարներ բացել Հայաստան - Սփյուռք երիտասարդական կապերի զարգացման, կրթական և ուսումնական ծրագրերի փոխանակման համար:
Ստուգատեսն արդեն ընթացքի մեջ է, արդյունքների ամփոփումը լինելու է փետրվարի 7-ից 10-ը:
Ներկայացում-քննարկմանը ներկա էին Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության պատգամավոր Անահիտ Բախշյանը, քաղաքի դպրոցների ուսուցիչներ և տնօրեններ, ՏՏ ոլորտի կազմակերպությունների աշխատակիցներ, լրագրողներ: