25 հունվարի 2012 - 16:51 AMT
Ուկրաինայի թոշակառուները ողջունում են ցեղասպանության վերաբերյալ օրինագիծը

Ուկրաինայի թոշակառուների կուսակցության նախագահ Ամրամ Պետրոսյանը ողջունում է Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը, հաղորդում է analitika.at.ua-ն:

Ֆրանսիայի նախագահին ու Սենատի նախագահին հասցեագրված նամակում Պետրոսյանը գրել է. «2012թ. հունվարի 23-ն իսկապես պատմական օր դարձավ: Հայ ժողովրդի համար այս մեծ իրադարձությունը հերթական անգամ ցույց տվեց աշխարհին, որ Ֆրանսիան մարդու իրավունքների պաշտպան օրինակելի պետություն է»:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք:

Թուրքիան շատ ցավագին արձագանքեց օրինագծի ընդունմանը՝ հայտարարելով, թե կսառեցնի համագործակցությունը Ֆրանսիայի հետ ամենատարբեր ոլորտներում: