Պետական եկամուտների կոմիտեում էլեկտրոնային հարկ վճարողների համար 2012-ի հունվարի 1-ից գործում է հարկ վճարողների էլեկտրոնային` անձնական գրասենյակը, ինչը հարկատուների և հարկային մարմինների միջև օնլայն շփման կատարելագործում է ենթադրում:
Բիզնես-գրասենյակի միջոցով գործարարները կարող են օնլայն ռեժիմում տեղեկացված լինել իրենց վճարումների, ծանուցումների, ինչպես նաև հաշվետվությունների ուշացման և վճարումներ չկատարելու մասին:
ՊԵԿ ՏՏ վարչության պետ Միքայել Փաշայանի խոսքով, ՊԵԿ տեղեկատվական բազան և հարկ վճարողների կողմից ուղարկված տեղեկություններն անընդհատ թարմացվելու են. «Սա հնարավորություն կտա գործել ոչ թե պատժամիջոցների, այլ ծանուցումների մեխանիզմով: Աստիճանաբար կընդլայնվեն մատուցվող ծառայությունները, կբարելավվի որակը, որպեսզի հարկ վճարողներն օգտվեն և երկխոսեն կոմիտեի հետ»։
էլեկտրոնային գրասենյակի 1-ին բաժնում գործարարը կարող է տեղեկանալ ՊԵԿ-ի պաշտոնական կայքում հրապարակված նորություններին, 2-րդ բաժնում՝ անձնագրային տվյալներն են՝ ղեկավարած կազմակերպության վերաբերյալ բոլոր այն տվայները, որոնք առկա են «Հարկատու-3» համակարգում (գործունեության հասցեները, բանկային հաշիվները, տնօրենի և հաշվապահի մասին, գործունեության ոլորտների և առկա լիցենզիաներ և այլն)։ էլեկտրոնային հարկ վճարողը անճշտություն հայտնաբերելու դեպքում տեղեկացնել հարկային մարմիններին:
3-րդ բաժնում տեղակայված են վճարման անդորրագրերի վերաբերյալ ամփոփ տեղեկություններ։ Այստեղ հնարավոր է որոնում կատարել ժամանակահատվածի միջակայքով, ստույգ ամսաթվով՝ համոզվելու, որ վճարումն ըստ նշանակության է հասել:
Դե իսկ 4-րդ բաժնում գործում է նաև ծանուցման համակարգը՝ հարկ վճարողին ուղարկված` չներկայացված հաշվետվություների, չմարված պարտավորությունների, ինչպես նաև համադրման արդյունքների մասին բոլոր ծանուցումները։ Ծանուցումները վայրկյանների ընթացքում են հայտնվում գործարարի անձնական գրասենյակում, քանի որ ձևավորվում և ուղարկվում են էլեկտրոնային համակարգի կողմից։
Անձնական գրասենյակ ունեցող գործարարները հնարավորություն ունեն նաև ստանալ տեղեկություններ իրենց բիզնես-գործընկերոջ վերաբերյալ. արդյոք այդպիսի հարկ վճարող գրանցված է ՊԵԿ տեղեկատվական բազայում, թե ոչ: Հարկ վճարողների բաժնում նա կարող է փնտրել կոնկրետ կազմակերպության վերաբերյալ համառոտ տեղեկություններ՝ հարկ վճարողի հաշվառման համարը, անվանումը, տեսչությունը, հասցեն և գործունեության ոլորտը:
«Հարկատուների համար անձնական գրասենյակը մեծ առավելություն. այն արագ և հեշտ միջոց է տեղեկանալու անհրաժեշտ տեղեկություններին, փոփոխություններին»,- վստահ է «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի գլխավոր հաշվապահ Նվարդ Անանյանը:
Անձնական գրասենյակն առաջիկայում համալրվելու է ևս մի քանի նորույթներով: Հնարավոր կլինի օն-լայն դիտել անձնական հաշվի քարտի շարժը և հենց անձնական գրասենյակից իրականացնել էլեկտրոնային վճարումներ: