25 հունվարի 2012 - 19:33 AMT
Liberation. Ցեղասպանությունը հանցագործություն է, որը պատկանում է ողջ մարդկությանը

Ֆրանսիական Liberation-ը հրապարակել է հոդված` նվիրված ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը:

«Խոսքը գնում է ոչ թե այն մասին, որ խորհրդարանը լիազորվի որոշել պատմության հարցեր, այլ այն մասին, որ դատավորներին արդար դատելու հնարավորություն ընձեռվի»,- գրում է հրատարակությունը:

Թերթի կարծիքով` Ցեղասպանությունը մարդկության դեմ հանցագործություն է, որի մասին հիշատակը պատկանում է ոչ թե այս կամ այն հասարակությանը, այլ ողջ մարդկությանը:

«Ոմանք գտնում են, որ օրենքն անօգուտ է, որովհետև Հայոց ցեղասպանությունը չի վիճարկվելու Ֆրանսիայում: Դա այդպես չէ: Դրանում հավաստիանալու համար բավական է ականջ դնել ներկայիս վեճերի ժամանակ «այդպես կոչված ցեղասպանության» հիշատակումներին»,- հայտնում են հոդվածի հեղինակները:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: 2011թ. դեկտեմբերի 22-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովում: Օրինագծի հեղինակը պատգամավոր Վալերի Բուայեն է: Ինչպես հաղորդել են Ելիսեյան դաշտերից, նախագահն օրինագիծը կստորագրի 14 օրվա ընթացքում:

Թուրքիան չափազանց ցավոտ ընդունեց այդ օրինագծին Սենատի հավանություն տալը` հայտարարելով Ֆրանսիայի հետ քաղաքական, ռազմական և տնտեսական համագործակցության սառեցման մասին: