26 հունվարի 2012 - 15:34 AMT
ԼՂՀ և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում մոնիտորինգի ժամանակ հրադադարի խախտումներ չեն եղել

Հունվարի 26-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտակերտի շրջանի Կարմիրավան գյուղի մերձակայքում:

ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումը իրականացրել են ԵԱՀԿ գրասենյակի համակարգող Իմրե Պալատինուսը (Հունգարիա) և ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնականներ Անթալ Հերդիչը (Հունգարիա) և Մարիուս Պուոձիունասը (Լիտվա):

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը (Բուլղարիա) և ՈՒիլյամ Պրայորը (Մեծ Բրիտանիա):

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի: Դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: