ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, ՀՀ զինված ուժերի ստեղծման 20-րդ տարեդարձի կապակցությամբ, բանակաշինության գործում մատուցած նշանակալի ծառայությունների, ինչպես նաև հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անձնվիրության համար ՀՀ զինված ուժերի մի խումբ զինծառայողներ և ազատամարտիկներ պարգևատրվել են ՀՀ շքանշաններով և մեդալներով, մի շարք զինվորականների շնորհվել են կոչումներ:
ՀՀ պետական բարձր պարգևների մի մասը ՀՀ նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր պարգևատրվածներին հանձնել է Նախագահի նստավայրում, տեղեկացնում են Նախագահի մամլո ծառայությունից։
Հանրապետության ղեկավարը շնորհավորել է պետական պարգևների և կոչումների արժանացածներին, մաղթել նրանց քաջառողջություն, բարի ծառայություն և հայոց բանակի մարտունակության անշեղ բարձրացման ուժ ու կորով: ՀՀ նախագահի հրամանագրերով՝ 2-րդ աստիճանի Մարտական խաչ շքանշանով պարգևատրվել են հրամանատար, գնդապետ Մուրադ Աբրահամյանը և ազատամարտիկ ԱշոտՄինասյանը:
Նախագահը մի շարք գնդապետների, հրամանատարների, զորահրամանատարների պարգևատրել է «Արիության մեդալով», Մարտական ծառայության մեդալով, «Վարդան Մամիկոնյան» շքանշանով, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին ևբ 2-րդ աստիճանի մեդալներով։
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետը և «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքը, որոշվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի վարչական ապարատի ղեկավար, գնդապետ Արիս Բրուտյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում, ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետ, գնդապետ Իշխան Մաթևոսյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում, ՀՀ պաշտպանության նախարարության խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար, գնդապետ Արթուր Սիմոնյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Ստեփան Գալստյանին շնորհել գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում, ՀՀ պաշտպանության նախարարության 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Հովիկ Օհանյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում: