27 հունվարի 2012 - 17:23 AMT
«Ժառանգություն»-ը շնորհավորում է Հայոց բանակին՝ հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ

«Ժառանգություն» կուսակցությունը իր շնորհավորական խոսքն է հայտնում Հայոց բանակին՝ հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ։

Կուսակցության մամլո ծառայության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «20 տարի առաջ` Հայրենիքի արցախյան հերոսամարտում ազգային շահերն ու հայության անվտանգությունը պաշտպանող հայկական ազատագրական ջոկատները կազմավորվեցին որպես Հայոց ազգային բանակ: Այսօր էլ Հայոց բանակը տարածաշրջանի առավել մարտունակն է, Հայաստանի ու Արցախի հանրապետությունների անվտանգության և համայն հայության հպարտության աղբյուրը: Այսօր մենք գլուխ ենք խոնարհում մեր հերոսների առջև, ովքեր իրենց կյանքն ու առողջությունը զոհաբերեցին` մատուցելով ամբողջական եւ բացառիկ ծառայություն հանուն պետության անվտանգության ու ազգային շահի»։

Կուսակցությունը նշում է նաև, որ տարեցտարի նվազում է բանակում տեղի ունեցող օրինախախտումների թիվը. «Սակայն սա չի կարող ինքնահանգստանալու առիթ հանդիսանալ: Քանի դեռ մեր բանակում անկարգապահության կամ ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով կարող է խաթարվել թեկուզ մեկ հայ զինվորի առողջությունը կամ, որ վատթարագույնն է, ընդհատվել նրա կյանքը, մենք` բոլոր քաղաքական ուժերը, բանակի բարձրաստիճան պաշտոնյաներն ու կրտսեր հրամանատարները, հասարակությունը և նրա յուրաքանչյուր անդամ պետք է ուշադրության կենտրոնում պահեն բանակի խնդիրները, ամեն ինչ անեն, որպեսզի նման դեպքերն այսուհետ չկրկնվեն, իսկ կրկնվելու դեպքում` բացահայտվեն ու մեղավորները ստանան իրենց արժանի պատիժը»։