20 հոկտեմբերի 2003 - 23:37 AMT
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ՄԻԱՅՆ ԻՐԱՎԱԿԱՆ, ԳՏՆՈՒՄ ԵՆ ՀԱՅ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ
Պետք է ամրագրվի Հայաստանի կարգավիճակը որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության եւ անվտանգության երաշխավորի: Այդ մասին հայտարարել է Հայաստանի խորհրդարանի արտաքին կապերի հանձանաժողովի նախագահ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը` մեկնաբանելով ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից նոր առաջարկների նախապատրաստման մասին հաղորդագրությունները: Ա.Ռուստամյանի տվյալ նախաձեռնությունը որպես «բավականին թարմ եւ լիովին արդիական է» բնութագրել նրա կուսակից, ՀՀ խորհրդարանի փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը: «Հայաստանը համաձայն է հիմնախնդրի կարգավորման միայն այնպիսի տարբերակի հետ, որը համապատասխանում է ողջ հայության շահերին: Հենց այդ հարթության վրա էլ Հայաստանը պետք է հանդես գա որպես Լեռնային Ղարաբաղի անկախության եւ անվտանգության երաշխավոր»,- «Regnum» տեղեկատվական գործակալությանն է հայտարարել Վ.Հովհաննիսյանը: «Գաղտնիք չէ, որ Ադրբեջանում կայացած նախագահական ընտրություններից հետո հակամարտության կարգավորման ուղիների որոնման գործընթացը խիստ ինտենսիվ կդառնա: Անշուշտ, դա կպահանջի եւ հակամարտող կողմերի դիրքորոշումների հստակեցում»,-ասել է փոխխոսնակը: Նրա խոսքերով, այդ տեսանկյունից, Հայաստանը պարտավոր է հանդես գալ որպես ԼՂՀ անկախության եւ անվտանգության երաշխավոր եւ վճռականորեն բարձրացնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը բանակցային գործընթացում: Այլ կերպ ասած, պետք է ապահովի բանակցությունների տրամաբանության մերձեցումը հիմնախնդրի էությանն ու բնույթին, ասել է Վ.Հովհաննիսյանը: