20 հոկտեմբերի 2003 - 22:56 AMT
ԵԱՀԿ-Ն ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ՍՈՒՐ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՄԲ ԲԱՔՎՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ
ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների եւ մարդու իրավունքների բյուրոյի (ԺԻՄԻԲ) տնօրեն Քրիստիան Սթրոհալն այսօր «խոր մտահոգություն է հայտնել Ադրբեջանում կայացած վիճելի նախագահական ընտրություններին հաջորդած ընդդիմության առաջնորդների եւ ներկայացուցիչների ձերբակալությունների ալիքի կապակցությամբ»: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, Ք. Սթրոհալը, մասնավորապես, դատապարտել է իրենց տեղամասերում ընտրությունների արդյունքները վավերացնելուց հրաժարված ընտրական հանձնաժողովների բազմաթիվ անդամների ձերբակալությունները: «Պետք է երաշխավորվի իրենց պարտականություններն ազնվորեն կատարած ընտրական հանձնաժողովների բոլոր անդամների անվտանգությունը, իսկ կալանքի տակ գտնվողները պետք է անմիջապես ազատ արձակվեն», - հայտարարել է ԺԻՄԻԲ տնօրենը: