Հունվարի 30-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
Հանդիպմանը քննարկվեց Հայաստան-ԵՄ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Կողմերը մտքեր փոխանակեցին Արևելյան գործընկերության ծրագրի համատեքստում Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցային գործընթացի, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման, խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման բանակցությունների մեկնարկի վերաբերյալ:
Էդվարդ Նալբանդյանն ու Ֆիլիպ Լեֆորը անդրադարձան նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին, Սոչիում անցյալ շաբաթ կայացած եռակողմ գագաթաժողովի արդյունքներին: