Թուրքիան բազմիցս փորձել է հասնել ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահի կարգավիճակին և այս անգամ նրա ձգտմանը միացել է նաև «կրտսեր եղբայրը»՝ Ադրբեջանը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
Նրա խոսքով, Ֆրանսիայի Սենատում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրինագծի ընդունումից հետո Թուրքիային «թվացել է, որ եկել է հարմար պահը երազանքն իրականացնելու համար»:
«Բայց ինչպես ասվում է ասացվածքում, «երազելը վնաս չէ», թող այդ երկրների քաղաքական օրակարգում լինի այդ երազանքը»,- ասել է փորձագետը:
Մելքոնյանը նշել է, որ «Ղարաբաղյան հակամարտության մեջ Թուրքիայի օբյեկտիվության մասին Ադրբեջանի հիմնավորումները կեղծ են»: «Ֆրանսիային ՄԽ-ից բացառելու մասին խոսակցություն սկսելու Ադրբեջանի փորձերը չեն պսակվի հաջողությամբ»,- հայտարարել է Ռուբեն Մելքոնյանը:
Ավելի վաղ Միլի Մեջլիսի պատգամավոր, «Ենի Ադրբեջան» կուսակցության Նասիմի շրջանային կազմակերպության նախագահ Մալահատ Իբրահիմգիզին հայտարարել է, որ Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված օրինագիծը «ցույց է տալիս ԵԱՀԿ ՄԽ-ում Ֆրանսիայի գործունեության կանխակալությունը և ոչ օբյեկտիվությունը»: