1 փետրվարի 2012 - 17:27 AMT
Ա. Բաղդասարյան. Իշխանությունները կանեն հնարավորն արդար ընտրություններ կազմակերպելու համար

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է ԵԱՀԿ Ժողովրդական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի ընտրությունների բաժնի ղեկավարի տեղակալ Նիկոլա Շմիդտի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա խորհրդարանական ընտրությունների կազմակերպմանն ու անցկացմանը վերաբերող խնդիրների լայն շրջանակ: Մասնավորապես անդրադարձ է եղել ընտրությունների ընթացքում ԵԱՀԿ երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդական առաքելության իրականացմանն առնչվող հարցերի:

Կարևորվել է ընտրական գործընթացի բոլոր մասնակիցների համար հավասար պայմանների ապահովումը նախընտրական քարոզչության իրականացման ընթացքում, ինչպես նաև փոխգործակցությունը ընտրական հանձնաժողովների միջև` քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացն առավելապես արդյունավետ կազմակերպելու առումով:

Արթուր Բաղդասարյանը նշել է, որ Հայաստանի իշխանությունները տրամադրված են անելու հնարավորն արդար և թափանցիկ ընտրություններ կազմակերպելու համար: