
ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ է արել Իսրայելին բռնազավթված պաղեստինյան տարածքներում դադարեցնել բնակավայրերի շինարարությունը հանուն մերձարևելյան խաղաղ գործընթացի առաջխաղացման և պաղեստինցիների հետ կոնկրետացնել իր դիրքորոշումները հակամարտության առանցքային ասպեկտներում, ներառյալ սահմանների և անվտանգության հարցերը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Պան Գի Մունը ժամանել է Երուսաղեմ այն բանից հետո, երբ իսրայելցիները և պաղեստինցիները խորհրդակցությունների մի քանի փուլ են անցկացրել խաղաղ երկխոսության վերականգնման ուղիների որոնման համար: Միջազգային միջնորդությամբ հարևան Հորդանանում տեղի ունեցած շփումները զգալի արդյունքների չեն հանգեցրել: «Մենք ճգնաժամային պահ ենք ապրում Իսրայելի և ողջ տարածաշրջանի համար: Ես հույս ունեմ, որ կողմերի միջև ուղիղ կանոնավոր շփումները շարունակվելու են»,- ասել է Պան Գի Մունը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ համատեղ մամլո ասուլիսում:
Նեթանյահուն նախօրեին մեծ առավելությամբ հաղթանակ է տարել նախնական ընտրություններում և պահպանել «Լիկուդ» իշխող կուսակցության առաջնորդի պաշտոնը: «Որպես կուսակցության վերընտրված առաջնորդ Դուք հնարավորություն ունեք ապահովել բանակցությունների շարունակությունը»,- ասել է ՄԱԿ գլխավոր քարտուղարը: «Ես ասել եմ վարչապետին, որ նա պետք է զերծ մնա նոր բնակավայրերի շինարարությունից: Ես կարծում եմ, որ Իսրայելը կարող է հզոր դրական ազդեցություն ունենալ ողջ տարածաշրջանի վրա»,- ասել է նա:
«Ես աջակցում եմ ձեր մտադրությանը և կողմերին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու վճռականությանը: Անհնար է ավարտել գործընթացը՝ առանց այն սկսելու: Զուգահեռ պետք է վերջ տալ ահաբեկչությանը: Չի կարելի թույլ տալ քաղաքացիական բնակչության հրթիռային գնդակոծությունները: Ես ուրախ եմ, որ մենք հնարավորություն ունեցանք քննարկելու այս հարցը»,- հայտարարել է Նեթանյահուն: