3 փետրվարի 2012 - 19:48 AMT
Իր երկրին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ անող թուրք իրավապաշտպանը կարող է Նոբելյան մրցանակ ստանալ

Շվեդիայի խորհրդարանի պատգամավորների խումբը Նոբելյան խաղաղության կոմիտե է դիմել հայտնի թուրք իրավապաշտպան, «Բելգե» հրատարակչության սեփականատեր Ռագըփ Զարաքօղլուին Նոբելյան մրցանակի առաջադրելու առաջարկով:

Ինչպես հաղորդում են արտասահմանյան լրատվամիջոցները, շվեդական պատգամավորների դիմումում ասվում է, որ Ռագըփ Զարաքօղլուն Հայոց ցեղասպանության և քրդական հիմնահարցի վերաբերյալ նյութեր է հրապարակել:

«Թուրքիայում 1980թ. սեպտեմբերի 12-ի ռազմական հեղաշրջումից հետո Զարաքօղլուն մտավ Մարդու իրավունքների միություն և շարունակեց պայքարել հանուն ժողովրդավարության ու մարդու իրավունքների, ինչի համար էլ պետության թիրախը դարձավ և 2011թ. նոյեմբերի 1-ին ձերբակալվեց ահաբեկչական կազմակերպության անդամակցելու մեղադրանքով»,- նշվում է դիմումում:

Զարաքօղլուն, որը Քուրդիստանի ընկերությունների միության գործի շրջանակում հսկողության տակ է գտնվում, իր փաստաբանի միջոցով Թուրքիայի խորհրդարանի ղեկավարությանը նամակ է հղել` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով: