6 փետրվարի 2012 - 16:37 AMT
Խաչատուր Քոքոբելյան. Հայ հասարակության մեջ «Ժառանգության» և «Ազատ դեմոկրատների» միության պահանջարկ կա

Հայ հասարակության մեջ «Ժառանգության» և «Ազատ դեմոկրատների» միության պահանջարկ կա: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը: «Եվ բանը նրանում չէ, որ 5%-անոց արգելքը հաղթահարելու խնդիր կա»,- նկատել է նա: Քոքոբելյանի խոսքով` երկու կուսակցությունների միջև շատ բարեկամական, գործընկերական հարաբերություններ են ձևավորվել, և նրանք ընդհանուր մոտեցում ունեն շատ խնդիրների վերաբերյալ: Ընդ որում` նա հավելել է, որ երկու կուսակցությունների միության հարցը վերջնականապես կորոշվի «Ժառանգության» և «Ազատ դեմոկրատների» համագումարներից հետո:

Ինչ վերաբերում է ընտրություններում ՀՅ Դաշնակցության հետ միության հնարավորությանը, ապա Քոքոբելյանը դա բացառել է`ընդգծելով երկու կուսակցությունների բոլորովին տարբեր գաղափարաբանական հայացքները: Ընդ որում` նա հավելել է, որ միանգամայն հնարավոր է երկու կուսակցությունների համագործակցությունը որոշ հարցերում, մասնավորապես` ընտրություններում խախտումների կանխման հարցում: