6 փետրվարի 2012 - 17:55 AMT
Anonymous-ը հափշտակել է չեխ 27 000 կուսակցականների տվյալներ

Հաքերները հափշտակել են Չեխիայի Քաղաքացիական դեմոկրատներ կուսակցության 27 000 անդամների տվյալներ՝ դեմ դուրս գալով ինտերնետը վերահսկող ACTA օրինագծին։ Այս մասին հաղորդում է Europe Online-ը։

Հափշտակված տվյալներն իրենց մեջ ներառում են հեռախոսի համարներ, անհատական հասցեներ և այլն։ Դրանք բոլորն ուղարկվել են Չեխական ԶԼՄ-ներին։

Կուսակցության ղեկավար Ժան Կոցին այս առիթով նշել է. «Այս ոչ օրինական քայլերը ապացուցում են, որ Anonymous խմբավորումը չի ցանկանում լուրջ քննարկումներ անել»։

Հունվարին Չեխիայի Հանրապետությունը և Եվրոմիության 21 անդամներ ստորագրեցին վիճահարույց օրինագծի՝ ACTA-ի տակ (Anti-Counterfeiting Trade Agreement)։

Վերջին 3 շաբաթների ընթացքում Anonymous հաքերային խմբավորումը կիբերհարձակումների է ենթարկել Ֆրանսիայի, Լեհաստանի, Հունաստանի, ԱՄՆ-ի կառավարական կայքերը։ Բոլոր այս հարձակումներով խմբավորումը պայքարում է SOPA/PIPA և ACTA օրինագծերի և Megaupload ֆայլերի փոխանակման կայքը փակելու դեմ։ Այս օրինագծերը ենթադրում են ինտերնետի վերահսկում իշխանությունների և հեղինակային իրավունքները կրողի կողմից։