7 փետրվարի 2012 - 15:35 AMT
Հայ փորձագետ. Ռուսաստանի և Ֆրանսիայի շահերը Թուրքիայի հարցում համընկնում են

Ռուսաստանի և Ֆրանսիայի շահերը Թուրքիայի հարցում համընկնում են: Այդ մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:

«Դրա մասին վկայում է նաև այն, որ Սոչիում նախագահների հանդիպումը և ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկումը նույն օրն էին նշանակված»,-ընդգծել է փորձագետը, մանրամասնելով, որ նման կերպով երկրները փորձեցին Թուրքիային հեռու պահել ինչպես տարածաշրջանային, այնպես էլ եվրոպական հարցերից:

Շաքարյանցի խոսքով, Թուրքիան պետք է հասկանար, որ նրան փորձում են հեռու պահել ԱՊՀ և ԵՄ զարգացումներից: «Ֆրանսիան ձգտում է հնարավորինս հեռու պահել Թուրքիային Եվրամիության գործերից»,-հայտարարել է նա:

Հունվարի 23-ին Սոչիում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպում: Նույն օրը Ֆրանսիայի Սենատն քննարկել է ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: