
Ընդդիմադիր Ժողովրդա-Հանրապետական կուսակցության անդամները փորձում էին զբաղեցնել խորհրդարանի տրիբունան` ի նշան խորհրդարանական կանոնադրական նորմերի փոփոխությունների դեմ բողոքի
Փետրվարի 8-ին թուրքական խորհրդարանի նիստում կռիվ է ծագել իշխող և ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների միջև, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:
Վեճը բռնկվել է այն բանից հետո, երբ ընդդիմադիր Ժողովրդա-Հանրապետական կուսակցության (ԺՀԿ) անդամները փորձել են զբաղեցնել խորհրդարանի տրիբունան` ի նշան խորհրդարանական կանոնադրական նորմերի փոփոխությունների դեմ բողոքի:
ԺՀԿ պատգամավորները, արգելափակելով տրիբունայի ճանապարհը, խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքի հրաժարականի պահանջով կարգախոսներ էին վանկարկում:
Չիչեքը կտրուկ քննադատության է ենթարկել այդ գործողությունները և ասել, որ տրիբունայի արգելափակումը չի լուծի խնդիրը:
ԺՀԿ ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն իր հերթին ողջունել է այդ բողոքը` այն անվանելով «ժողովրդավարական ակտ»:
Չիչեքի կողմից ընդմիջում հայտարարելուց հետո պատգամավորները կռիվ են սկսել, որը մոտ 10 րոպե է տևել: