23 սեպտեմբերի 2003 - 21:59 AMT
ՉԵՉԵՆ ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԸ ՀԱՎԱՔՎՈՒՄ ԵՆ ԲԱՔՎՈՒՄ
Մի շարք աղբյուրների համաձայն, հոկտեմբերի 5-ին, երբ Չեչնյայում պետք է անցկացվեն նախագահական ընտրություններ, Բաքվում չեչեն գրոհայինների առաջնորդ Ասլան Մասխադովի շրջապատը մտադիր է կազմակերպել միջազգային խորհրդաժողով, որտեղ կհայտարարվի միջազգային հանրության կողմից այդ քվեարկության արդյունքների անվավեր ճանաչելը: Այդ կապակցությամբ, ինչպես տեղեկացրել է «Ռեգնում» գործակալությունը, նախօրեին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում հույս է հայտնվում, որ Ադրբեջանի համապատասխան ծառայությունները «թույլ չեն տա, որպեսզի ադրբեջանական հողից բխի ահաբեկչության եւ անջատվողականության ջատագովների ստի հոսքը»: Փաստաթղթում հույս է հայտնվում նաեւ, որ դա տեղի չի ունենա հարեւանի եւ առավել եւս հակաահաբեկչական դաշինքի գործընկերոջ հողում: ՌԴ դեսպանության մամուլի կցորդ Գեննադի Եվսյուկովի խոսքերով` հակառակ դեպքում պաշտոնական Մոսկվան դա կընդուներ որպես ոչ բարեկամական քայլ: Միեւնույն ժամանակ Ադրբեջանում բնակվող չեչեն իրավապաշտպան Մայրբեկ Թարամովը հայտարարել է, որ հոկտեմբերի սկզբին Բաքվում իրոք պետք է կայանա միջոցառում` Եվրախորհրդի հովանու ներքո Կովկասի էթնիկ փոքրամասնությունների սեմինար, որտեղ կմասնակցեն նաեւ չեչեններ: Սակայն Բաքվի Եվրախորհրդի գրասենյակի ղեկավար Ինկերի Աարնիո-Լվոֆը իրավիճակը պարզելուց հետո չհաստատեց Թարամովի տեղեկատվությունը` ԵԽ-ի հովանու ներքո նման սեմինարի անցկացման մասին: