22 սեպտեմբերի 2003 - 23:43 AMT
ԵՐԵՔ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԲԱՂԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ Է ՆԵՐԴՐՎԵԼ 35 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ
Վերջին երեք տարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսություն Է ներդրվել է 35 մլն դոլար: Այդ մասին այսօր Երեւանում բացված Հայաստան-Սփյուռք առաջին տնտեսական համաժողովի ժամանակ հաղորդել է ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանը: Նրա խոսքերով, այդ գումարից 25 մլն դոլար ներգրավվել է օտարերկրյա ներդնողների կողմից, 5 մլն դոլար ներդրել են Հայաստանի ձեռներեցները եւ նույնքան` տեղի գործարարները: Ներդրողների մեծ մասը ԱՄՆ, Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Բելգիայի մեր հայրենակիցներն են, ասել է Ա.Դանիելյանը: Նրա խոսքերով ներդրումներն ուղղորդվել են ռազմական գործողությունների հետեւանքով փլուզված տնտեսության վերականգնմանը եւ նրա մասնավոր հատվածի զարգացմանը: Վարչապետն ընդգծել է, որ ԼՂՀ տնտեսությունը զարգանում է դժվար պայմաններում, ինչը կապված է միջազգային հանրության կողմից հանրապետության չճանաչման գործոնի հետ: Ներկայումս հանրապետությունում իրականացվում է փոքր ՀԷԿ-երի շինարարության, ջրամատակարարման համակարգի վերականգնման, խաղողագործության զարգացման, հանքային պաշարների օգտագործման նպատակով ներդրումների ներգրավման համալիր ծրագիր: Այդ ծրագրերի իրականացման հետ կապված` մոտակա տարիներին սպասվում է լրացուցիչ 15 մլն դոլարի ներդրում: