22 սեպտեմբերի 2003 - 22:09 AMT
ԵԱՀԿ ՄԻՋՆՈՐԴՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՏ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ ԵՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ ՍԿԶԲԻՆ
ԵԱՀԿ ղարաբաղյան կարգավորման գծով Մինսկի խմբի համանախագահների հանդիպումները Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ նախատեսվում են հոկտեմբերի սկզբին Փարիզում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի խորհրդաժողովի շրջանակներում: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս-Ադրբեջան» գործակալությունը, լրագրողներին է հաղորդել ԵԱՀԿ ՄԽ-ի Ռուսաստանը ներկայացնող նոր համանախագահ Յուրի Մերզլյակովը: Ընդ որում, նա գոհունակություն է հայտնել սեպտեմբերի 15-ին Վիեննայում ՄԽ ամերիկացի եւ ֆրանսիացի իր գործընկերների հետ տեղի ունեցած հանդիպման արդյունքների առնչությամբ: Յու.Մերզլյակովը նաեւ նշել է, որ հայկական մի շարք ԶԼՄ-ներում փոքր-ինչ խեղաթյուրվել են իր խոսքերը հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին Լեռնային Ղարաբաղի ներգրավման անհրաժեշտության մասին: «Ես պարզապես նշել եմ դրա ցանկալիությունը: Սակայն, վերջնական արդյունքում, ամեն ինչ կախված է Հայաստանից եւ Ադրբեջանից, ինչպես նաեւ համանախագահների կարծիքից», - ընդգծել է դիվանագետը: