10 փետրվարի 2012 - 14:05 AMT
Փառքի արահետին Փոլ Մաքքարթնիի անունով աստղ է հայտնվել

Հոլիվուդի հանրահայտ փառքի արահետի վրա հայտնվել է երկար սպասված Փոլ Մաքքարթնիի անվան աստղ, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Նա բրիտանական հանրահայտ The Beatles քառյակի վերջին մասնակիցն է, ով արժանացել այդ պատվին: «Լիվերպուլյան քառյակը» որպես խումբ աստղի է արժանացել 1998թ` իրենց բաժանումից ավելի քան 25 տարի անց: Ջոն Լենոնն ու Ջորջ Հարրիսոնը, ովքեր մահացել են 1980 և 2001թթ, իրենց աստղերը ստացել են հետմահու: Ռինգո Սթարը նշվել է այնտեղ 2010թ:

«Ինձ մոտ ոչինչ չէր ստացվի, եթե չլինեին այդ երեք տղաները: Ցանկանում եմ նրանց շնորհակալություն հայտնել: Շնորհակալ եմ ձեզ Ջոն, Ջորջ և Ռինգո»,-հայտարարել է 69-ամյա Մաքքարթնին: «Լիվերպուլում, երբ մենք դեռ երեխաներ էինք և Բադդի Հոլլի և այլ մեծությունների էինք լսում, ես անգամ պատկերացում չունեի, որ մի օր ես Փառքի արահետի վրա իմ աստղն եմ ունենալու: Այն ժամանակ դա անիրական էր թվում»,-հավելել է երաժիշտը:

Աստղի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել հինգշաբթի:

Հոլիվուդի Փառքի արահետը Լոս Անջելեսի հյուսիս-արևելքում է: 2010թ նշվել է նրա 50-ամյա հոբելյանը: Ստեղծման գաղափարը առաջացել է 1953թ, իսկ առաջին աստղը տեղադրվել է 1958թ օգոստոսի 15-ին: Առաջին աստղը պատկանում էր դերասան Պրեսթոն Ֆոսթերին: Արահետի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1960թ. նոյեմբերի 23-ին: