250 հազար մարդ ստորագրել է Apple-ին ուղղված հանրագրերի տակ՝ կոչ անելով բարելավել աշխատողների պայմանները չինական ձեռնարկություններում, հաղորդում է CNET News-ը:
Ստորագրահավաք են անցկացրել մի քանի կայքեր: Նախաձեռնության կազմակերպիչներն են Change.org և SumOfUs.org ռեսուրսները: Հանրագրերում ասվում է, որ Չինաստանում գտնվող գործարաններում, որտեղ հավաքվում են iPhone-ներ, iPad-ներ և Mac համակարգիչներ, հերթափոխը տևում է 12 ժամից ավել, իսկ աշխատողներն արտադրամասներում շնչում են մարդու առողջության համար վնասակար նյութեր:
Ուղերձները կազմողները ուշադրություն են դարձրել աշխատողների շարքում ինքնասպանությունների բարձր թվին և ձեռնարկություններին պայթյունների դեպքերին, որոնք տեղի են ունենում օդում հրկիզվող նյութերի կուտակման հետևանքով: