11 փետրվարի 2012 - 12:33 AMT
«168 ժամ». Ըստ Եժի Բուզեկի, Ադրբեջանը Եվրամիության համար դարպաս է դեպի Ասիա

Եվրախորհրդարանի նախկին նախագահ Եժի Բուզեկը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո իր Facebook-ի էջում գրել է, որ «Ադրբեջանը Եվրամիության համար ավելին է, քան գործընկեր: Այն մեր դարպասն է դեպի Ասիա», հայտնում է «168 ժամ» թերթը:

Մամեդյարովը Բրյուսել էր մեկնել Եվրոպական ժողովրդական կուսակցության հրավերով` երկկողմ համագործակցության հեռանկարները քննարկելու համար:

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձել են նաև ղարաբաղյան խնդրի կարգավորմանը: Եվրոպացի պատգամավորները հիշատակել են տարածքային երկարատև հակամարտությունը հարթելու գերմանացիների և ֆրանսիացիների հաջող փորձը և կոչ արել հետևել դրան: Մամեդյարովն էլ իր հերթին ընդգծել է, որ առաջընթացի համար նախ պետք է հայկական ուժերը դուրս բերել «ադրբեջանական տարածքներից»: Իսկ «Եվրամիություն-Ադրբեջան. գործընկերության նոր հորիզոններ» անունով համաժողովում ունեցած իր ելույթում Մամեդյարովը Եվրամիությանն ու Եվրախորհրդարանին կոչ է արել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում չառաջնոդվել երկակի չափանիշներով: