11 փետրվարի 2012 - 15:50 AMT
Ուժեղ ձյան պատճառով խախտվել են մի շարք գնացքների չվացուցակները

Ուժեղ և երկարատև ձյան պատճառով որոշ փոփոխություններ կատարվեցին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գնացքների չվացուցակում: Ջաջուռ-Մայիսյան հատվածում ստեղծված ծանր պայմանների պատճառով երեկ հետաձգվեց Երևան-Թբիլիսի գնացքի մեկնումը Երևան կայարանից: Գնացքի ուղևորները, որոնք Երևանից պետք է մեկնեին 22:35-ին փետրվարի 10-ին, ստիպված էին գիշերել վագոններում: Ուղևորներն ապահովված էին բոլոր անհրաժեշտ պարագաներով, իսկ վագոնները լրացուցիչ ջեռուցվում էին, ասվում է ընկերության ուղերձում:

Երևան-Թբիլիսի գնացքը «Երևան» կայարանից մեկնեց այսօր` 9:00-ին:

Առատ ձյան պատճառով փետրվարի 10-ին ժամը 16:00-ին խախտվել էր նաև Վանաձոր-Գյումրի էլեկտրագնացքի չվացուցակը: Մաքրման աշխատանքներից հետո գնացքի տեղաշարժը վերականգնվեց, սակայն նշված երկաթուղային հատվածը կրկին պատվեց ձյունով:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները երկաթուղային գծերի մաքրման և գնացքների բնականոն չվացուցակի վերականգնման համար: Ամբողջ գիշեր մաքրման աշխատանքներ կատարում էին հատուկ տեխնիկան և ՀԿԵ 60 աշխատողներ` ՀՀ ԱԻՆ աշխատակիցների հետ համատեղ: Ներկա ժամանակ ձյան մաքրման աշխատանքները շարունակվում են Ջաջուռ-Մայիսյան հատվածում: Ամբողջ գիշերվա ընթացքում անցնում էին «ՀԿԵ» ՓԲԸ ղեկավարության հատուկ խորհրդակցությունները` գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլլինի նախագահությամբ: Ընկերությունը լրացուցիչ կտեղեկացնի իրավիճակի զարգացումների մասին: