13 փետրվարի 2012 - 09:29 AMT
ԱՄՆ ՌԾՈՒ-ն մի շարք պատասխան միջոցներ է պատրաստել Իրանի հնարավոր ագրեսիվ գործողություններին

ԱՄՆ ռազմածովային ուժերը մի շարք պատասխան միջոցներ են պատրաստել Պարսից ծոցի գոտում Իրանի հնարավոր ագրեսիվ գործողություններին: Այդ մասին, ինչպես հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում հայտնել է ԱՄՆ ՌԾՈՒ 5-րդ նավատորմի հրամանատար, փոխադմիրալ Մարկ Ֆոքսը: Նավատորմը կայանում է Բահրեյնում, նրա օպերատիվ պատասխանատվության ոլորտի մեջ մտնում են, մասնավորապես, Պարսից և Օմանյան ծոցերը, Կարմիր ծովը, Հնդկական օվկիանոսի հատվածներ:

Իր կենտրոնական գրասենյակում զրուցելով լրագրողների հետ՝ Ֆոքսը նշել է, որ լրջորեն է վերաբերվում Իրանի զինված ուժերի կողմից հնարավոր սպառնալիքներին: Այս կապակցությամբ ԱՄՆ ՌԾՈՒ-ն գործողությունների պոտենցիալ տարբերակների լայն շրջանակ է մշակել, որոնք պետք է երկրի նախագահ Բարաք Օբամային փոխանցի նրա կողմից դիտարկման համար, ընդգծել է ամերիկյան հրամանատարը: Նրա խոսքով՝ 5-րդ նավատորմը և ընդհանրապես ամերիկյան ռազմածովային ուժերը «պատրաստ են այսօր արդեն» պատասխանել Իրանի կողմից հնարավոր թշնամական գործողություններին: