13 փետրվարի 2012 - 15:57 AMT
Ջեյմս Ապատուրայ. ՆԱՏՕ-ն լիովին սատարում է ԵԱՀԿ ՄԽ ձևաչափին

Փետրվարի 13-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային (James Appathurai), հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Ողջունելով հյուրին` արտգործնախարարը դրական գնահատեց Հայաստան – ՆԱՏՕ համագործակցության բնագավառում արձանագրված արդյունքները:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան Հայաստանի եւ Հյուսիսատլանտյան դաշինքի փոխգործակցությանը վերաբերող մի շարք օրակարգային հարցերի` մասնավորապես Գործընկերություն հանուն Խաղաղության, Եվրոատլանտյան գործընկերության խորհրդի եւ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) շրջանակներում իրականացվող համագործակցությանը:

Էդվարդ Նալբանյանն ու Ջեյմս Ապատուրայը քննարկեցին այս տարի կայանալիք Չիկագոյի գագաթաժողովին, Բրյուսելում կայանալիք Հայաստան + ՆԱՏՕ ձեւաչափով Հյուսիսատլանտյան խորհրդի ամենամյա նիստին առնչվող հարցերը:

Արտգործնախարարը հյուրին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները` մասնավորապես Սոչիում կայացած գագաթաժողովի արդյունքները: Այս ենթատեքստում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը վերահաստատեց Դաշինքի լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին