11 սեպտեմբերի 2003 - 21:24 AMT
ՀԱՅ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԸ ԱՊԱԳԱ ՈՒՆԵՆ
Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը գտնում է, որ «խաղաղարար գումարտակի ձեւավորումը հանրապետության համար դեռեւս ապագայի խնդիր է»: Նրա խոսքերով, ներկայումս Հայաստանն ունի երկու դասակ, որոնցից մեկը հանրապետության խորհրդարանի հավանությամբ կուղարկվի Կոսովո հունական կոնտինգենտի կազմում խաղաղապահ գործողություններ կատարելու նպատակով: Արդեն համապատասխան համաձայնագիր է կնքված Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի հետ: Ինչ վերաբերում է Իրաքին, շարունակել է Սերժ Սարգսյանը, ապա Հայաստանը հնարավորություն ունի ուղարկելու այնտեղ ռազմական բժիշկների 3 դասակ եւ սակրավորների մի դասակ ականազերծման կենտրոնից: Նախարարը հատուկ ընդգծել է, որ բժիշկների գործունեության նպատակը կլինի առաջին հերթին օգնության ցուցաբերումը խաղաղ բնակչությանը: Ներկայումս հանրապետության իշխանությունները բանակցում են ԱՄՆ-ի եւ Իրաքին սահմանակից երկրների հետ` «հայ զինծառայողներին բարդություններից զերծ պահելու նպատակով»: