15 փետրվարի 2012 - 15:14 AMT
Իրանն այսօր ներկայացնում է ուրանի հարստացման ցենտրիֆուգների չորրորդ սերունդը

Իրանի հետազոտողները չորեքշաբթի օրը մտադիր են ներկայացնել ուրանի հարստացման ցենտրիֆուգների չորրորդ սերունդը, հաղորդում է պետական հեռուստատեսությունը:

«Երկրում արտադրված ցենտրիֆուգների չորրորդ սերունդն ավելի բարձր արագություն և արտադրողականություն ունի: Դրանք կներկայացվեն չորեքշաբթի»,- հայտնել է հեռուստատեսությունը, հաղորդում է Ինտերֆաքսը:

Իրանը կարող է այսօր հայտարարել միջուկային ոլորտում մի շարք նախագծեր ավարտելու մասին, գրում է «Էխո Մոսկվի»-ն` հավելելով, որ տեղական մամուլը չի ճշտում, թե որ նախագծերի մասին է խոսքը: Հավանաբար, կհայտարարվի գիտահետազոտական ռեակտորների համար վառելիքային թիթեղների արտադրության նախագծի ավարտման մասին: Իրանի պաշտոնական անձինք վստահեցնում են, որ հանրապետության միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ ուղղվածություն ունի, իսկ դրանում ռազմական բաղկացուցչի առկայության վերաբերյալ բոլոր մտավախություններն անհիմն են: Այդ միջոցին միջազգային հանրությունն ուժեղացնում է ճնշումն Իրանի վրա, որպեսզի վերջինիս ստիպի, մասնավորապես, հրաժարվել ուրանի հարստացման ծրագրից: