16 փետրվարի 2012 - 17:10 AMT
Թուրքիան չի հավատում, որ Nabucco-ն կորցրել է իր նշանակությունը

Թուրքիան չի հավատում, որ Nabucco-ն կորցրել է իր նշանակությունը, հաղորդել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը` մեկնաբանելով պնդումներն այն առիթով, որ «Հարավային հոսանք» նախագծի իրականացման համար երկրի թույլտվությունը կնվազեցնի Nabucco-ի դերը, հինգշաբթի օրը հաղորդել է Anadolu գործակալությունը: Նախարարի խոսքով` 2030-ին ԵՄ-ն տարեկան 700 միլիարդ խորանարդ մետր էներգակիրների կարիք կունենա, և այդ պահանջը չի սպառվի, անգամ եթե իրականացվեն «Հարավային գազային միջանցքի» բոլոր նախագծերն ու «Հարավային հոսանք» նախագիծը:

Յըլդըզը նշել է նաև, որ TANAP նախագիծը թույլ կտա Nabucco նախագծին գազ գնել թուրք-բուլղարական սահմանին:

Nabucco խողովակաշարի նախագիծը ենթադրում է գազի մատակարարում Կասպից տարածաշրջանից և Մերձավոր Արևելքից ԵՄ երկրներ: Շինարարական աշխատանքները ծրագրվում է ավարտել մինչև 2013 թվականին, իսկ առաջին մատակարարումները սպասվում են 2017 թվականին:

Գազատարի կառուցման մասնակիցների ցուցակում են OMV Gas GmbH (Ավստրիա), Botas (Թուրքիա), Bulgargaz (Բուլղարիա), S.N.T.G.N. Transgaz S.A. (Ռումինիա), MOL Natural Gas Transmission Company Ltd. (Հունգարիա), RWE (Գերմանիա): Նախնական գնահատականներով, Nabucco-ի շինարարության արժեքը կկազմի 7,9 մլրդ եվրո: Գազատարի անցումային հնարավորությունը կկազմի տարեկան 31 միլիարդ խորանարդ մետր: