20 փետրվարի 2012 - 20:45 AMT
Ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի ապագա զոհերի ցուցակի մեջ մտնում էին 12 նորվեգացի պաշտոնյաներ

Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկը, որի զոհն անցյալ տարվա ամռանը դարձավ 77 մարդ, ապագա զոհերի` «Նորվեգիայի դավաճանների» ցուցակ էր կազմել, որի մեջ մտնում էին քաղաքական գործիչներ և պաշտոնյաներ, հաղորդում է Telegraph-ը:

Բրեյվիկը ծրագրում էր մահափորձ կատարել 12 պաշտոնյաների և քաղաքական գործիչների, այդ թվում` Նորվեգիայի բանվորական կուսակցության, թագավորական պալատի, Amnesty International միջազգային կազմակերպության ներկայացուցիչների հանդեպ:

Բացի 12 հոգուց բաղկացած ցուցակից, որը Բրեյվիկն անվանել էր «Ա ցուցակ», նա ստեղծել էր նաև «Բ և Գ ցուցակներ», որոնք միմյանցից տարբերվում են այնտեղ նշված մարդկանց «նշանակությամբ»: «Բրեյվիկը հարձակումների մի ամբողջ շարք էր ծրագրում պայթուցիկ սարքերի և հրաձգային զենքի կիրառմամբ»,- հայտնել է նորվեգական ոստիկանության ներկայացուցիչ Պոլ-Ֆրեդերիկ Կրաբյուն: