21 փետրվարի 2012 - 14:19 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Մատենադարանում նշվեց Մայրենի լեզվի օրը

Այսօր` փետրվարի 21-ին Մատենադարանի նորակառույց շենքի դահլիճում տեղի ունեցավ Մայրենի լեզվի օրվան նվիրված միջոցառում: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և այլ պաշտոնատար անձինք: «Մենք կարող ենք, իհարկե առօրեական լեզվով խոսել, սակայն պաշտոնական և լրատվական լեզուն պետք է լինի միայն գրական հայերենը: Իսկ ամեն մի սխալ, ամեն մի վրիպում ընկալվում որպես ճշմարտություն և տարածվում է հատկապես երիտասարդների միջավայրում», լրագրողների հետ զրույցում ասաց Հրանուշ Հակոբյանը:

Միջոցառումը մեկնարկեց Մ. Մաշտոցի արձանին ծաղիկներ դնելով: Միջոցառմանը ելույթ ունեացան արվեստի տարբեր գործիչներ, մանկական «Գեղարդ» և «Ծաղկազարդ» երգչախմբերը, ասմունքերցին ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Ութմազյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Սարգիս Նաջարյանը, ելույթ ունեցավ սփյուռքահայ օպերային երգիչ Գևորգ Հաճյանը և այլն: 1999 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը հայտարարել է Մայրենի լեզվի միջազգային օր: 2005թ. Հայաստանի Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ (հանձնաժողովի նախագահ` Հրանուշ Հակոբյան) փոփոխություն մտցվեց «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում և ՀՀ պետական տոնացույցում փետրվարի 21-ը հաստատվեց որպես Մայրենի լեզվի օր:

Օրը կոչված է նպաստելու մեսրոպատառ մայրենիի հետ կապված խնդիրների վերհանմանը, դրանց լուծմանն ուղղված հնարավոր ճանապարհների ուղենշմանը, ինչպես նաև Հայրենիքում և Սփյուռքի համայնքներում Մաշտոցին և հայ գրականության ու մշակույթի երախտավորներին նվիրված ամենաբազմազան միջոցառումների կազմակերպման շնորհիվ երիտասարդ սերնդի մեջ հայրենասիրություն ներշնչմանը:

ՖՈՏՈՇԱՐՔ