14 հունվարի 2004 - 17:56 AMT
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է «ԱՐԱՐԱՏ» ՖԻԼՄԸ ԵՐԿՐՈՒՄ ՉՑՈՒՑԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ
Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Էրքան Մումջուն դատապարտել է Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմը Թուրքիայում ցուցադրելուց հրաժարվելու մասին որոշումը: Թուրքական NTV հեռուստաալիքին հարցազրույցում նա նշել է, որ Թուրքիայում ֆիլմի ցուցադրության իրավունքները գնած «Բելգե» ընկերության կողմից թուրքական ազգայնականների առաջնորդ Դեւլեթ Բահչելիից խորհուրդ հարցնելը անտեղի էր: Նախարարի կարծիքով, «ֆիլմը ցուցադրել ցանկացողը` կաներ դա»: «Եթե անհրաժեշտ լինի մենք պետական սրահներում էլ կարող ենք կազմակերպել ցուցադրություն: Չի կարելի Թուրքիային պարտքի տակ թողնել»,- ասել է նա: Միեւնույն ժամանակ Է.Մումջուն ընդգծել է, որ «Արարատի» ցուցադրումը Թուրքիայում այնուհանդերձ արգելված չէ, եւ առայժմ խոսքը գնում է պարզապես «Բելգե» ընկերության կողմից ցուցադրումից հրաժարվելու մասին: Հիշեցնենք, որ համաձայն թուրքական «Սաբահ» թերթի ավելի վաղ տեղեկատվության, Թուրքիայում այնուհանդերձ կազմակերպվում են հայոց ցեղասպանության մասին պատմող «Արարատ» ֆիմի փակ կինոդիտումներ: