14 հունվարի 2004 - 19:43 AMT
ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՂԱՐԱԲԱՂԻ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ ԱՌԱՅԺՄ ԼԻՈՎԻՆ ՉԻ ՀՍՏԱԿԵՑՎԵԼ
Ադրբեջանի նորընտիր նախագահ Իլհամ Ալիեւի դիրքորոշումը ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ առայժմ լիովին չի հստակեցվել: Այդ մասին այսօր լրագրողներին հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը: Սակայն, նրա խոսքերով, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների տարեվերջին Ժնեւում կայացած առաջին հանդիպումը կարելի է համարել հուսադրող` երկխոսությունը շարունակելու հնարավորության առումով: Ընդսմին նախարարը նշել է, որ հակառակ Հայաստանի եւ միջազգային հանրության գործադրած ջանքերին` 2003 թվականին Ադրբեջանը շարունակել է հավատարիմ մնալ իր մերժողական դիրքորոշմանը տարածաշրջանային ծրագրերի շրջանակներում Հայաստանի հետ գործակցելու հարցում` պայմանավորելով այն Ղարաբաղյան հակամարտության առկայությամբ: