23 փետրվարի 2012 - 15:39 AMT
Ե՞րբ վերջապես երթուղիներում կհայտնվեն չինական նոր ավտոբուսները

Հունվարին Երևանի քաղաքապետարանի կողմից Չինաստանից ներմուծված 139 ավտոբուսները երթուղի դուրս գալուց առաջ երկար ճանապարհ պետք է անցնեն: Այսօր PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը մանրամասնեց, որ ավտոբուսները մաքսազերծվել են, հիմա պետք է կանգնեն պետական հաշվառման, ստանան «դեղին» պետհամարանիշեր, քանի որ մինչ այդ իրավունք չունեն երթուղի դուրս գալու:

«Իրականում երկար ու բարդ գործընթացներ են: Բոլոր շահագրգիռ կողմերի հետ հանդիպումներ, քննարկումներ են եղել՝ այդ թվում տրանսպորտի նախարարության, Ճանապարհային ոստիկանության ու հասարարկական-քաղաքացիական խմբերի: Նաև նոր երթուղային ցանց է մշակվել: Մոտ օրերս այս պատրաստի փաթեթը կներկայացվի քաղաքապետի հաստատմանը»,- ասաց Գևորգյանը:

Տրանսպորտի նոր հայեցակարգով մի շարք միկրոավտոբուսների երթուղագծեր կփոխարինվեն ավտոբուսներով, իսկ որոշ մասն էլ ընդհանրապես կհանվի: Նախատեսվում է նաև բոլորովին նոր երթուղիների գործարկում. «Այս ամենը պետք է տրամաբանված լինի: Քաղաքապետը ասել է ՝ «եղբայր, այնպես մտածենք, որ մի հատվածով 10 կիսադատարկ երթուղային չանցնի, իսկ մյուսով էլ գերբեռնված մեկը, այն էլ ժամը 1-2 անգամ»: Դրա համար նստել, նոր հայեցակարգ ու երթուղիներ ենք մշակել»:

Թե երբ վերջապես նոր ավտոբուսները կհայտնվեն երթուղիներում, Գևորգյանը դժվարացավ պատասխանել. «Ավելի լավ է ժամկետներ չնշենք, թե չէ մի բան չի ստացվի, կձգձգվի, դուրս կգա, թե սուտ եմ ասել, խաբել եմ: Ամեն ինչ անում ենք, որ հնարավորինս շուտ լինի, մենք ձեզանից շատ ենք շահագրգռված»:

Այս պահի դրությամբ ավտոբուսների նոր խմբաքանակի ներմուծում չի սպասվում: Արթուր Գևորգյանը նշեց, որ դա նաև մասնավորի ուշադրության կենտրոնում պետք է լինի, և քաղաքապետարանը միայնակ չի կարող խնդիրն ամբողջությամբ լուծել: