23 փետրվարի 2012 - 16:57 AMT
Իշխան Զաքարյանը Ջայպուրում կմասնակցի Ասիական երկրների Բարձրագույն վերահսկիչ մարմինների համագումարին

Հայաստանի Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 24-ին կմեկնի Հնդկաստան: ՎՊ նախագահը կմասնակցի Ջայպուրում կայանալիք Ասիական երկրների Բարձրագույն վերահսկիչ մարմինների (ASOSAI) 12-րդ համագումարին:

Ինչպես հաղորդում է ՀՀ ՎՊ լրատվական ծառայությունը, օրակարգում ընտրված են մի շարք հարցեր, այդ թվում` «2009-2011 ֆինանսական և ֆիսկալ տարիների ASOSAI ֆինանսական hաշվետվությունների հաստատումը և Աուդիտի հանձնաժողովի» զեկույցը, ինչպես նաև 2012-2015 թվականների ASOSAI Ռազմավարական ծրագրի իրականացման վերաբերյալ միջնաժամկետ ծրագիրը:

Համագումարի ընթացքում կքննարկվի նաև Ասիական և Եվրոպական երկրների բարձրագույն վերահսկիչ մարմինների (ASOSAI –EUROSAI) համագործակցության ծրագիրը և կստորագրվի փոխըմբռնման հուշագիր:

Համագումարի ընթացքում նախատեսված է նաև 2012-2015թթ. ASOSAI նախագահության փոփոխություն: