23 փետրվարի 2012 - 17:38 AMT
Ժիրինովսկի. Բաքուն կօգտվի Իրանի դեմ պատերազմից և կփորձի կրկին գրավել Ղարաբաղը

Ամռանը Իրանի շուրջ կարող է երրորդ համաշխարհային պատերազմ ծավալվել: Այդ մասին հայտնել է ՌԼԴԿ ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին` ելույթ ունենալով այսօր Մոսկվայում կայացած հանրահավաքի ժամանակի: Նրա խոսքով, հենց որ Սիրիային կոտրեն, ամռանը հարված կհասցնեն Իրանին:

Ինչպես նշել է Ժիրինովսկին, դրանից կօգտվի Ադրբեջանը, որպեսզի կրկին զավթի Լեռնային Ղարաբաղը:

«Հայաստանը դեմ կկանգնի, Թուրքիան` Ադրբեջանի կողմից: Ահա այդպես 2012թ. ամռանը մեր երկրին կարող են պատերազմի մեջ ներքաշել»,- հայտնել է Ժիրինովսկին:

Ռուսաստանին հարկավոր կլինի պաշտպանել հարավային սահմանը, գտնում է ՌԼԴԿ առաջնորդը, ուստի Ռուսաստանի նախագահի երդմնակալության արարողությունը պետք է անցկացնել ոչ թե մայիսին, այլ ապրիլին, որովհետև զինված հակամարտությունը կարող է հենց այդ ժամանակ սկսվել, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները: