Փետրվարի 25-ին Մոսկովյան 5 (Սպայի տուն) հասցեում տեղի կունենա Գևորգյան մարտարվեստի դպրոց-ռազմահայրենասիրական կենտրոնի բացման պաշտոնական արարողությունը: Արարողության ընթացքում հյուրերին կցուցադրվի դպրոցի մասին պատմող տեսաֆիլմ, ինչպես նաև անդրադարձ կկատարվի կենտրոնի առաջիկա ծրագրերին և նպատակներին:
Այսուհետ Երևանում ևս կգործի բացառիկ մարզագույքով հագեցած և հիմնովին նորոգված մարտարվեստի արհեստավարժ դպրոց-ռազմահայրենասիրական կենտրոն: Ըստ դպրոցի, կառույցի բացառիկությունը կայանում է հատկապես նրանում, որ այս դպրոցում սաներին ուսուցանվելու է նոր՝ հայկական Գևորգյան մարտաոճ: Մարտաոճի հիմնադիրը արցախյան ազատամարտի մասնակից, Կունգ-ֆու-ի վարպետ Գևորգ Գևորգյանն է: Դպրոցի հիմնադիր Գ. Գևորգյանը տարիների ընթացքում յուրացնելով չինական վինգ-չուն և տիբեթյան տեսքաո մարտաոճերը, մշակել է դրանք և իր փորձառության ու գիտելիքների հիմքի վրա ստեղծել հայկական մարտաոճ, որը ամբողջովին հարմարեցված է հայ մարդու հոգեկերտվածքին: