Հայաստանի ապահովագրական շուկայի համախմբումն անխուսափելի է, PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Նաիրի Ինշուրանս»-ի գործադիր տնօրեն Գոռ Խաչատրյանը՝ մեկնաբանելով շուկայում կայացած վերջին գործարքը:
Այդ առումով նա բացատրել է, որ ապահովագրակն շուկան ունի զարգացման երկու սցենար. մասնագիտացում, երբ խաղացողների թիվը կարող է ավելի շատ լինել, կամ գնալ համախմբման ճանապարհով:
Ապահովագրական շուկայի համար օպտիմալ թիվը մասնագետն անվանել է 2-3 ընկերությունները, որոնք կկարողանային բարձրորակ ծառայություններ տրամադրել ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ և մրցակցել միմյանց հետ: «Կոնսոլիդացիան, անշուշտ, կշարունակվի և պետք է նորությունների սպասել արդեն մինչև տարեվերջ»,- ասել է նա:
Նրա խոսքով, Հայաստանի ապահովագրական շուկայում կա նաև մեկ այլ խնդիր՝ որակավորված կադրերի բացակայությունը, մասնավորապես, բացակայում է միջին օղակի իրական մենեջմենթը:
Ապահովագրական «ԻՆԳՈ Արմենիա» և «ԿԱՍԿԱԴ Ինշուրանս» ընկերությունները հայտարարել են միավորման գործընթաց սկսելու մասին: «Մեր գործարքի նպատակը հետևյալն է` ապահովագրական շուկան ստանում է պրոֆեսիոնալ մեծ պոտենցիալով աննախադեպ խոշոր ընկերություն, որը ապահովագրական ծառայություններ է մատուցելու միջազգային մակարդակով»,-փետրվարի 24-ին Երևանում հայտարարել է «ԻՆԳՈ Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Լևոն Ալթունյանը:
Գործարքի «գնի» մասին խոսել խուսափելով`Լևոն Ալթունյանը հայտարարել է, որ արդյունքներին կարելի է սպասել 2012թ առաջին եռամսյակի ավարտին:
Լևոն Ալթունյանը հավելել է, որ միավորման արդյունքում կձևավորվի պրոֆեսիոնալների գործակալական լայն ցանց, ոնքեր կմատուցեն որակյալ ծառայություններ, ինչպես նաև կստեղծվի ամուր, հաստատուն ֆինանսական հիմք: